Արմինֆո. Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նոյեմբերի 1-ին հեռախոսով կապվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամուլի ծառայությունը, Թրամփը բարձր է գնահատել Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի առաջնորդությունը, ով վերջերս ավարտել է իր շրջագայությունը Միացեալ Նահանգներում եւ վերահաստատել իր զորակցությունն արցախահայությանը եւ տարածաշրջանային խաղաղության հանձնառությունը: Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ հայ համայնքի դերը, այն անվանելով ուժեղ, խելացի և դինամիկ:
Ի պատասխան, Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետը երախտագիտություն է հայտնել տիար Թրամփին հայ ժողովրդին զորակցության հրապարակային հայտարարության համար եւ կարեւորել է ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության կենսական կարեւորությունն այս կրիտիկական պահին:
Նորին սրբությունը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի գալով Միացյալ Նահանգները լրջորեն կզբաղվի արցախյան խնդրով, հատկապես արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների համար պատասխանատվության առումով:
Բացի այդ, Նորին սրբությունը հույս է հայտնել, որ նոր վարչակազմում կլինի հայկական ակտիվ ներկայացվածություն և Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի հայոց արևելյան և արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտություն:
Հավելենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընդգծել էր, որ աջակցություն չի հայտնելու ոչ Քամալա Հարիսին, ոչ Դոնալդ Թրամփին, քանի որ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ աչք են փակել Արցախի ցեղասպանության վրա: