Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը ժամանակին ժողովրդին խաբած մարդկանց ձեռքում է։ Այդ մասին նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը, ով հոկտեմբերի 31-ին մի խումբ երիտասարդների հետ ձերբակալվել էր իրավապահների կողմից՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Ավելի ուշ ձերբակալված բոլոր 9 քաղաքացիները ազատ են արձակվել։
Ոստիկանությանը, ԱՄՆ դեսպանությանը և երկրի երիտասարդությանը հղած իր ուղերձում Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի գործող իշխանություններն իրավապահ մարմիններն օգտագործում են ոչ թե անվտանգության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, նրանց կյանքի և գույքի նկատմամբ իրավունքների պաշտպանության, այլ իրենց շահերը լուծելու և բռնապետության ռեժիմ հաստատելու համար: Այդ մասին են վկայում ոստիկանության գործողությունները, որոնք ուղղված են երկրի ողջախոհ քաղաքացիների դեմ։ Մասնավորապես, մի քանի օրվա ընթացքում 9 անձ ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով, և նրանցից ոչ մեկի մոտ դրանք չեն հայտնաբերվել, անգամ՝ բնակարաններում խուզարկություններ կատարելիս: "Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր, որը վերևից իջեցվել է՝ ահաբեկելու համար ողջախոհ մարդկանց, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում իրականացվող ներքին և, հատկապես, արտաքին քաղաքականության հետ", - նշել է Ավետիսյանը:
Նա նաև դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, նշելով, որ 9 երիտասարդների ձերբակալությունը տեղի է ունեցել ոստիկանների կողմից, որոնք ֆինանսական, տեխնիկական և բարոյահոգեբանական աջակցություն են ստանում Վաշինգտոնի կողմից: Սակայն, ինչպես նշել է Ավետիսյանը, ԱՄՆ կառավարության ջանքերն ու միջոցներն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ չեն ծառայում ժողովրդավարական կառավարման համակարգի հաստատման շահերին։ Ավելին, ԱՄՆ-ից ներգրավվող ռեսուրսները գործող իշխանություններն օգտագործում են ավտորիտար կառավարման համակարգ ստեղծելու համար։
Երիտասարդությանը հղած իր ուղերձում Ավետիսյանը կոչ է արել առաջնորդվել իրենց ազատ կամարտահայտման իրավունքով և պաշտպանել իրենց իրավունքները: