Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին (COPR29): Սակայն ԱՄՆ-ը միջոցառումներին ներկայացված կլինի բավականին տպավորիչ պատվիրակությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 11-22-ը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ երկրի ավելի քան 20 նախարարություններից, գործակալություններից եւ կազմակերպություններից կմեկնեն Ադրբեջան, որպեսզի ընդգծեն ԱՄՆ-ի առաջնորդությունը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում եւ աշխատեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովում (COP29) կայուն համաձայնեցված արդյունքների հասնելու ուղղությամբ:
Նշվում է, որ պատվիրակությունը կգլխավորի նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Պատվիրակության կազմում են նաև գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Մ. Գրենհոլմը, նախագահի օգնական և Սպիտակ տան կլիմայի հարցերով ազգային խորհրդական Ալի Զաիդին, Սպիտակ տան շրջակա միջավայրի որակի խորհրդի նախագահ Բրենդա Մալորին, էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թերքը, ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Լորա Դանիելը- Դևիսը, Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորի տեղակալի պաշտոնակատար Ջեյն Նիսիդան, փ.դ., օվկիանոսների և մթնոլորտի առևտրի փոխնախարար և օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչության ադմինիստրատոր Ռիկ Սփինրադը, սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը:
"Բացի այդ, ԱՄՆ պատվիրակության կազմում կընդգրկվի ԱՄՆ կառավարության այլ պաշտոնատար անձանց լայն շրջանակ, որոնք զբաղվում են այն բանի հետազոտությամբ, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կապված զինված հակամարտությունների, ֆինանսների, պարենային անվտանգության, գենդերային հարցերի, գլոբալ առողջապահության, առեւտրի եւ ներդրումների, երիտասարդության խնդիրների եւ այլնի հետ", - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունումմ:
Հատկանշական է, որ մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում նաև կլիմայի պաշտպանության ոլորտում, կոչ են արել համաշխարհային տերություններին ձեռնպահ մնալ Բաքվում կայանալիք գագաթաժողովին մասնակցելուց, քանի որ այդ երկիրը ոչ միայն հանձնառու չէ կայուն զարգացման նպատակներին, այլև ամենուր խախտում է մարդու իրավունքները: