Արմինֆո.Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
"Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին", - հաղորդել են ՆԳՆ-ից՝ այդպիսով հաստատելով Ավետիսյանի ձերբակալության մասին սոցիալական ցանցերում ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը:
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Թամամյանը հաղորդել էր, Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա:
«Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված եւ սուր քննադատական խոսքով եւ այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։
Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաեւ սովորել է Թաֆթսի եւ Ջորջիայի համալսարաններում։
Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի "Ինչու են պետությունները ձախողում" գիրքը։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։
Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել եւ կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ», - գրել է Թամամյանը։
Այսօր իսկ ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հաղորդել է, որ վաղ առավոտից մի քանի ժամ Երեւանի ՁՊՎ-ում է եղել (ձերբակալվածների պահպանման վայր):
«Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել եւս երեք քաղաքացի։ Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ էր ոստիկանատանը։ Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց եւս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին եւս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր, ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Ադյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը», - գրել է Մանուկյանը՝ հրապարակելով ցանկը. Հայկ Նիկողոսյան, Աղվան Արշակյան, Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մոււշեղ Նավասարդյան, Հովհաննես Ավետիսյան, Միքայել Օհանյան, Արտեմ Խառատյան։
«Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։
Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։
Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել», - ամփոփել է Մանուկյանը: