Արմինֆո. Վերջին 6 տարիներին այս իշխանությունները ոչինչ չեն արել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, և եթե ինչ-որ արդյունքներ էլ եղել են, ապա միայն Հայ դատի և անհատների ջանքերի շնորհիվ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարրաել է "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա աղմկահարույց հայտարարություններին։
"Այն փաստը, որ նրանք չեն հարգում Հայաստանի սահմանադրությունը, երկրի օրենքները՝ նորություն չէ։ Արդեն նորություն չէ, որ նրանք, նույնիսկ, չեն հարգում իրենց իսկ կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես ՝ կառավարության ծրագիրը", - ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ գործող իշխանությունները հետ են կանգնել կառավարության ծրագրում ամրագրված իրենց խոստումներից՝ Հադրութն ու Շուշին վերադարձնելու, Արցախի անկախությունը հանրահայտ սկզբունքների հիման վրա ձեռք բերելու մասով, փոխարենը՝ հանձնելով այն։
"Հիմա մենք նույնն ենք տեսնում միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման հարցում։ Ինչպես Հայաստանի կառավարության ծրագրում, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ այդ հարցը երկրի արտաքին քաղաքականության գերակայություն է: Բայց այսօր երկրի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը նման առաջնահերթություն չունի։ Բայց, ի վերջո, մենք զգուշացրել էինք այդ մասին։ Չէ որ մենք ասում էինք, որ Փաշինյանի կառավարությունը գալիս է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը և մոռացության մատնի Հայոց ցեղասպանությունը։ Այս երկու նախազգուշացումները, ցավոք, իրականություն դարձան", - հիշեցրել է Մամիջանյանը։
Նրա խոսքով, ինչպես իրենք էին ասում, Արցախը հանձնված է, և այսօր Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքական գերատեսչության առաջնահերթություն չէ:
Ընդդիմադիր գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 6 տարիներին այս իշխանությունները ոչինչ չեն արել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, եւ եթե ինչ-որ արդյունքներ եղել են, ապա Հայ դատի եւ անհատների ջանքերի շնորհիվ:
"Բայց նաև հայտարարել, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, դա դավաճանության հասնող ցինիզմի գագաթնակետն է", - վստահ է Մամիջանյանը:
Միաժամանակ, նա դժվարացել է ասել, թե որ հաջորդ ազգային առաջնահերթությունից կհրաժարվի երկրում գործող ռեժիմը ։ Ընդդիմադիրը չի բացառել, որ որպես հաջորդ քայլ Հայաստանի ռեժիմը կարող է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հայտարարությամբ, որ օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտություն չի տեսնում:
Լրագրողի դիտարկմանը, որ եթե դա առաջնային հարց չէ, դա ամենևին չի նշանակում, որ այդ հարցով իրենք կդադարեն զբաղվել, Մամիջանյանը հետաքրքրվել է, թե վեց տարվա ընթացքում նրանք ինչ են արել: "Ես շատ լավ հասկանում եմ իմաստը՝ առաջնահերթություն և ոչ առաջնահերթություն: Հարցն այն է, թե այս իշխանություններն իրենց հայտարարությամբ ինչ ուղերձ են հղում Թուրքիային և աշխարհին", - ասել է պատգամավորը։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղումը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առանձնաշնորհը չէ: Այնուհետև նա կրկնել է Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշված պատումներն այն մասին, թե այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները ։ Փաստորեն, այսօրվա հայտարարությամբ Միրզոյանը հաստատել է փորձագետների մտավախությունները, որոնք ավելի վաղ արտահայտվում էին այն առնչությամբ, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ կանեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ընդսմին, ոտնահարելով սեփական ազգային շահերը, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով։