Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը խիստ քննադատության է ենթարկել հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Չալաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձանագրել է, որ այն ծավալուն փաստաթուղթ է, և բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից մեկը, պարզապես, աչք է ծակում իր բովանդակությամբ։ «Օրենսգիրքը լրացված է ծավալուն նոր հոդվածով (7.1), որը մանրամասնում է ռազմական կամ արտագարգ դրության դեպքում ընտրական գործընթացի սահմանափակումները։ Նրա 3-րդ մասում կա այսպիսի զարմանահրաշ ձևակերպում՝ "Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է ՆՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ կազմակերպում եւ անցկացում:"
Փաստացի ստացվում է, որ եթե ընտրական գործընթացի արդյունքում, ներկայիս թրքամետ իշխանությունը պարտություն կրի, այն կարող է անմիջապես ահազնանգել Բաքվում և Անկարայում իր գործընկերներին, և նրանք էլ, "ռևանշիստների" իշխանության գալը կանխելու պատրվակով, ռազմական գործողություններ սկսեն Հայաստանի դեմ։ Այս պայմաններում գործող իշխանությունը հայտարարում է ռազմական դրություն, չեղարկում է ընտրությունների փաստացի արդյունքները, և նոր քվեարկություն է անցկացնում արդեն Բաքվի ուժային ճնշման ներքո, ժողովրդին համոզելով, որ եթե չեք ցանկանում նոր պատերազմ, պետք է ստիպված ինձ ընտրեք։
Եթե ոմանց կթվա, որ սա երևակայության ժանրից է, խորհուրդ կտամ ուշադիր կարդալ հղման վերջին նախադասությունը, և փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու պետք է ընտրական գործընթացի կասեցումից հետո նոր քվեարկություն անցկացվի, եթե պարզապես կարելի է ռազմական դրության ավարտից հետո վավերացնել արդեն կայացած քվեարկության արդյունքները։
Հաշվի առնելով, որ ՔՊ մեծամասնությունը ոչ մի բանի առաջ չի կանգնի սեփական իշխանությունը երկարաձգելու համար, նրանց կողմից թշնամու զորքերը երկիր հրավիրելը լրիվ հավանական տարբերակ է։ Եթե այդպես չի, թող ապացուցեն հակառակը, և երկրորդ ընթերցմամբ այս նախադասությունը հանեն օրենքից, դա լրիվ իրենց իրավասության մեջ է։ Ինչ վերաբերվում է ԱԺ ընդդիմությանը, կարծում եմ, որ նրա կողմից առաջնահերթ կարգով այս փոփոխությունները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում, թեև նրանից մեծ սպասելիքներ ևս չկան», - գրել է Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Արդարադատության նախարարության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք թույլ չեն տալիս նոր ընտրություններ անցկացնել արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում: Այս որոշմանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ ՝ 28 - ը: Ընդդիմադիր ուժերը մտավախություն են հայտնել, որ այդ փոփոխությունները կարող են իշխող կուսակցությանը հնարավորություն ընձեռել երկարաձգել իր պաշտոնավարումը: Մասնավորապես, ընտրությունների ակնկալվող արդյունքների դեպքում իշխանությունները կարող են նախաձեռնել արտակարգ իրավիճակ ՝ քվեարկությունն ընդհատելու և նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով: Փորձագետները հակված են կարծելու, որ նման կերպ երկրի գործող իշխանությունները գնում են Հայաստանում կառավարման ավտորիտար ռեժիմի անցնելու ճանապարհով։