Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների հեղինակ Նաիրի Գալստյանը: Տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսներ։
Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 30-ին Ալֆորվիլ քաղաքում: Այնուհետև միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 6-ին Մարսելում, նոյեմբերի 13-ին՝ Լիոնում, նոյեմբերի 20-ին՝ Իսսի Լը Մուլինոում, նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։ Միջոցառումների մուտքն ազատ է։
«Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագծի նպատակն է ֆրանսիացի հանրությանը ներկայացնել Փարաջանովի հանճարը, հարգանքի տուրք մատուցել մեծ արվեստագետին, արժևորել լեգենդար կինոգործչի գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ տարածելով Փարաջանովի արվեստը։