Արմինֆո. "Գոյ" թատրոնի դերասանները շարունակում են իրենց պայքարը ազատ ստեղծագործելու իրավունքի, արդարության և ճշմարտության համար: Այդ մասին երեկ երեկոյան ուղիղ եթերում հայտարարել է "Գոյ թատրոն" կատարողական արվեստի ազգային փորձարարական կենտրոնի դերասան Աշոտ Տեր - Մաթևոսյանը, ով մյուս "գոյականների" հետ որոշել է գիշերն անցկացնել թատրոնում:
Նա ընդգծել է, որ այս տարվա ապրիլից դատախազությունից, դատական համակարգից դեռևս պատասխան չի տրվել Գոյ թատրոնի կոլեկտիվի հայցի վերաբերյալ՝ վերջինս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում որպես ստորաբաժաանում ընդգրկելու կառավարության որոշման դեմ:
"Մենք մնում ենք այստեղ , մինչև մեր հարցը լուծվի, բնականաբար, իրավապահների վերահսկողության ներքո, որովհետև սա պետական գույք է", - ասել է Տեր - Մաթևոսյանը, նշելով, որ դերասաններն ուզում են կոնկրետ պատասխան ստանալ լիազոր մարմիններից, որ իրենց գործը քննության է առնվել, և ինչ-որ տեղաշարժ կա:
Նա նաև նշել է , որ «գոյականների» ակցիայի պատճառով Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությունը Ոստիկանությունում հայտարարել է Գոյ թատրոնի դերասանների, իբր, անօրինական ներխուժման մասին, սակայն իրավապահները քննության արդյունքում որևէ ապօրինի գործողություն չեն բացահայտել:
Տեր-Մաթևոսյանը, մանրամասներ չհայտնելով, չի բացառել, որ այսօր կլինի հանդիպում, որի ընթացքում կողմերը կփորձեն լուծում գտնել:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Արմեն Մազմանյանի անվան <Գոյ > բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում՝ որպես ստորաբաժանում:
Սույն որոշման նախագիծ-հիմնավորման մեջ նշված էր, որ թատրոնի վերակազմակերպումը կնպաստի մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանը և նշված կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի ֆինանսական ռեսուրսների ավելացումը: Որոշումն ուղղված է <Գոյ>թատրոնի ստեղծագործական ներուժի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը: Կառավարությունում նշել են նաև, որ "Գոյ" կենտրոնի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների անիրագործելիությունը ձեռք է բերել պարբերական բնույթ:
"Գոյ" թատրոնը համաձայն չէ կառավարության որոշման հետ և այն վիճարկում է դատարանում: Անհրաժեշտության դեպքում թատրոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Բացի այդ, թատրոնի կոլեկտիվը անվստահություն է հայտնել պրոֆիլային գերատեսչության կողմից նշանակված տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին: Որոշումն ամրագրվել է թատրոնի ընդհանուր ժողովի ընթացքում ընդունված արձանագրությունում: Մասնավորապես, ժողովը որոշում է կայացրել Կարեն Սիմոնյանին չճանաչել որպես թատրոնի տնօրենի պաշտոնակատար, քանի որ վերջինիս գործողություններն իրավաչափ չեն և չեն բխում ողջ կոլեկտիվի շահերից:
Միեւնույն ժամանակ, ժողովը որոշել է ստեղծել կառավարման խորհուրդ, որը լիազորված է հաստատելու կազմակերպության գործունեության ծրագրերը, ներքին կարգավորող փաստաթղթերը և իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ լիազորություններ: