Արմինֆո. "Ագարակ" անցակետից ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման որոշումից հետո ՌԴ սահմանապահների կարգավիճակի մասին հայ - ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաղորդել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
"ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ անցակետում լիարժեք ծառայություն իրականացնելու, ինչպես նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը չի նախատեսում պայմանագրի փոփոխություն կամ վերանայում",- ասվում է գերատեսչության պատասխանում:
"Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամ տևած հանդիպումից հետո Երևանը հաղորդել էր, որ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուս սահմանապահները կլքեն Ագարակի անցակետը, և հունվարի 1-ից այնտեղ վերահսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչդեռ, 1992 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրի 6-րդ կետում նշվում է. "Ռուսական սահմանապահ զորքերը մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ առարկաների անցումն իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված և գոյություն ունեցող անցակետերով":
Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պայմանագրի 6 - րդ հոդվածը փաստացի դադարում է գործել", - նշում է աղբյուրը: