
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր պատերազմի խթան հանդիսանալ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ ինքը նկատում է շտապողականություն իշխանությունների կողմից, որոնք ձգտում են ստանալ փաստաթուղթը, որպեսզի այն հայ ժողովրդին ցույց տան որպես խաղաղ դարաշրջանի սկզբի և իրենց պատմական նվաճումների վկայություն: Դա, նրա կարծիքով, կօգնի իշխանություններին հասկանալ, թե երբ պետք է անցկացնել նոր ընտրություններ։ "Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, եւ ներկայիս կառավարությունը փորձում է իշխանության ղեկին մնալ այդ նուրբ եւ զգայուն թելերի վրա", - պարզաբանել է Ռուստամյանը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ շտապողականություն է նկատվում բացառապես Հայաստանի կողմից, մինչդեռ, Ադրբեջանն ու Թուրքիան վստահորեն շարժվում են իրենց ծրագրերի համաձայն: Նրա խոսքով ՝ նրանք գիտակցում են, որ դե յուրե ոչ մի փաստաթուղթ չի պահանջվում իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանց ռազմավարությունն այն է, որ ուժով ձեռք բերեն հնարավոր ամեն ինչ, իսկ հետո ամրագրեն այն դե յուրե՝ արդյունքներն անշրջելի դարձնելու համար։
Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ առանց միջնորդի հնարավոր չէ հարցը լուծել։ Ռուստամյանը կարծում է, որ հենց իշխանություններն են ընտրել Թուրքիային որպես միջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։
"Այդ թուղթը նրանց պետք է ցանկացած եղանակով ՝ նոր մանդատ ստանալու համար։ Սակայն այս հարցի կշիռն այնքան մեծ է, որ այստեղ տեղի է ունենում համաշխարհային տերությունների և տարածաշրջանի երկրների շահերի լուրջ բախում։ Ոչ ոք չի ցանկանում, որ այս գործընթացը դուրս գա իրենց վերահսկողությունից։ Մենք ենթակա ենք վտանգի, որ այդ բախումը տեղի ունենա մեր տարածքում, իսկ դա կարող է հանգեցնել Հայաստանի կորստին։ Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս դիմակայությունը մեր դեմ չշրջվի։ Մեր հեղինակությունն աշխարհում այսօր այնքան է ընկել, որ մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի, և այլ երկրներ մեզ ասում են, որ մեր գոյությունը կախված է իրենցից", - ընդգծել է պատգամավորը ՝ որպես օրինակ նշելով Վրաստանում տեղի ունեցող ընտրությունները։
Այդ առնչությամբ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի հարցին, նշելով, որ Հայաստանին ստիպել են հրաժարվել ազգային լավագույն փորձից, որը ի շահ երկրի շահերի էր: "Այդ փաստաթղթով մենք չունենք համաձայնեցված սահման, այլ, ընդամենը՝ դրա հաստատման գործընթաց։ Ամենամեծ բանը, որ կարելի է ակնկալել այս հանձնաժողովի աշխատանքից, սահմանազատման քարտեզի ստեղծման ուղեցույցն է։ Չի բացառվում, որ սահմանի մասին պատկերացում չունենալով, սահմանագծումը վերածվի տարածքային զիջումների։ Երկրորդ անհեթեթությունն այն է, որ երկու երկրների միջև կանոնակարգի համաձայնեցման հնարավորությունը պարտավորեցնում է միաժամանակ իրականացնել այդ գործընթացը։ Սակայն այսօր մենք վաղաժամ առաջ ենք տանում բոլոր գործընթացները և սպասում ենք, թե ինչ կանի Ադրբեջանը, մինչդեռ, նա ոչ մի գործընթաց չի սկսել։ Սեփական երկիրը հարգող կառավարությունը երբեք նման քայլի չէր գնա։ Բացի այդ, այդ փաստաթղթով համաձայնեցված ամեն ինչ կարող է դառնալ ոչինչ, երբ մենք խաղաղ համաձայնության գանք", - պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորը։
Ռուստամյանի հավաստմամբ՝ նման դեպքերում պետք է գնալ ընդհանուրից մասնավորի, այլ ոչ թե՝ հակառակը։ Այսինքն, անհրաժեշտ է ընդհանուր պատկերացում ունենալ սահմանի մասին, ապա շարժվել դեպի դրա յուրաքանչյուր մասի կարգավորում։ Այդ առնչությամբ նա պարզաբանել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այդ հատվածների միավորումից հետո գծված սահմանը կհամապատասխանի այն տարածքային ամբողջականությանը, որի մասին հայտարարում են այսօրվա իշխանությունները՝ 29 743 քառ.կմ: "Այդ կանոնակարգը լուրջ սպառնալիք է մեր պետականության համար", - հավելել է ընդդիմադիրը:
Ճեպազրույցի ընթացքում պատգամավորն անդրադարձել է նաև երկրորդ փաստաթղթին՝ Ընտրական օրենսգրքին: Նա նշել է, որ դրանում մեկ փոփոխություն է կատարվել, որի համաձայն, ընտրություններից հետո ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ մտցնելու դեպքում դրանց արդյունքները չեղյալ կհայտարարվեն, ինչը թույլ կտա իշխանություններին հերթական ընտրություններ անցկացնել՝ արդեն իրենց պայմաններով:
"Իշխանության սինդրոմն այն է, որ նա կարծում է, թե հավերժ է լինելու։ Բայց ամեն իշխանություն գնում է յուրովի, և նրանք էլ կհեռանան։ Նրանց առջև հիմա խնդիր է դրված երաշխիքներ ստեղծել իրենց իշխանությունը երկարաձգելու և հավերժացնելու համար։ Նրանք ի վիճակի են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, որոնք իրենց ձեռնտու չեն, ինչը նախադեպեր չունի ոչ մի երկրում", - եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ներկայացնող 64 պատգամավոր: Ընդդիմությունը ՝ ի դեմս "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների, քվեարկությանը չի մասնակցել։