
Արմինֆո. Այսօր Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում իր վատ քաղաքականության համար և կոչ արել ԵՄ-ին վերջ դնել Բաքվից իր գազային կախվածությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Այսօր ընդունված բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում, որոնք հատկապես ուժեղացել են նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ եւ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին:
Խորհրդարանը նաև կոչ է անում Բաքվի կառավարությանը դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս, ազատ արձակել կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց և հանել քաղաքական դրդապատճառներով բոլոր մեղադրանքները:
Բանաձևում նշվում է, որ Եվրոպայի գազային կախվածությունն Ադրբեջանից պետք է դադարեցվի։
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական խախտումներին և մտավախություններին, որ Ադրբեջանից ԵՄ գազի ներկրման ավելացումը կարող է փոխհատուցվել, իր հերթին, Բաքվի կողմից ռուսական գազի ներկրմամբ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում վերջ դնել ԵՄ կախվածությանն Ադրբեջանից գազի արտահանումից: Նրանք նաեւ խնդրում են Եվրոպական հանձնաժողովին դադարեցնել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի բնագավառում ռազմավարական գործընկերության մասին 2022թ. Փոխըմբռնման հուշագրի գործողությունը:
Բացի այդ, բանաձևում ասվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության շուրջ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է պայմանավորված լինի Բաքվի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, իրավական բարեփոխումների իրականացմամբ, երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ, ինչպես նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումից հետո հարևան Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին բարեխղճորեն մասնակցելու նրա իրական պատրաստակամության ցուցադրմամբ:
Միևնույն ժամանակ, բանաձևում պահանջ է հնչում, որ Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Վերահաստատելով իրենց աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և երկար սպասված խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին: Նրանք նաև կոչ են անում դուրս բերել ադրբեջանական բոլոր զորքերը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքներից, հարգել միջազգային դատարանի համապատասխան որոշումները և ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնք ձերբակալվել են անցյալ տարի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը կրկին գրավելուց հետո:
Խորհրդարանը կոչ է անում անդամ պետություններին սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումն Ադրբեջան, միաժամանակ նախազգուշացնելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները լուրջ հետևանքներ կունենան:
Բանաձևն ընդունվել է 453 «կողմ», 31 «դեմ» և 89 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: