Արմինֆո. Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ բռնությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու ուղղությամբ, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ։ Այդ մասին Truth Social սոցիալական հարթակում (սոցիալական ցանց, որը մշակել է Դոնալդ Թրամփի ընկերությունը) գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Ընդ որում, նա իր ընդդիմախոսին՝ Քամալա Հարիսին մեղադրել է այն բանում, որ նա ոչինչ չի արել, երբ 120 հազար քրիստոնյա հայեր սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանության են ենթարկվել Արցախում:
"Ողջ աշխարհի քրիստոնյաներն անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ", - գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին չճանաչված Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, որին նախորդել էր ինը ամիսներին տարածաշրջանի տոտալ շրջափակումը, Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է շուրջ 109 հազար քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից սկսած անօթևան է մնացել 150 հազար արցախցի։