Արմինֆո.Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում 70 տարեկան հասակում մահացել է Վերա Վաղարշակի Աղասյանը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Ստեփանակերտի բնակչուհին մահացել է հոկտեմբերի 20-ին՝ թոքային զարկերակի թրոմբոզից և դրա հետևանքով առաջացած սիրտ-թոքային սուր անբավարարությունից:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին չճանաչված Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, որին նախորդել էր ինը ամիսների ընթացքում տարածաշրջանի համատարած շրջափակումը, Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է շուրջ 109 հազար քաղաքացի։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր անօթևան է մնացել 150 հազար արցախցի։ Հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակված ՄԱԿ-ի առաքելության զեկույցի համաձայն, Արցախում մնացել է ոչ ավելի, քան 1000 էթնիկ հայ։