
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ով է լինելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նոր սեփականատերը:
«Ժամանակ» թերթը գրում է, որ գրեթե մեկ ամիս առաջ խոստացված ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, սակայն կառավարությունն առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը:
«Աբրահամյանը տեղեկացրել է, որ մինչև այս տարվա հոկտեմբեր ՀԷՑ-ի սեփականատերը կփոխվի: Ընկերությունը ձեռք է բերելու ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանը: Վարչապետը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ` ամենաբարձր մակարդակով»:
Ավելի վաղ Հայաստանի ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում ընկերությունը «Տաշիր» խմբին վաճառելու մասին, որը ղեկավարում է Սամվել Կարապետյանը, բայց այդ տեղեկությունն առայժմ չի հաստատվել:
Նշենք, որ տարիների ընթացքում ՀԷՑ-ը կուտակել է մոտ 250 մլն.դոլարի պարտքեր: Իրավիճակը շտկելու նպատակով ընկերությունը դիմեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 17 դրամով, բայց հայտը բավարարվեց մասնակիորեն, սակագները բարձրացվեցին 6.93 դրամով: Այդ որոշումը բոբոքի բուռն ալիք բարձրացրեց երկրում, քանի որ ժողովրդի մոտ արմատավորվել էր այնպիսի կարծիք, որ ՀԷՑ պարտքերը զանգվածային հափշտակությունների ու անարդյունավետ կառավարման արդյունք են: Հասարակական կարծիքը փարատելու նպատակով, ՀՀ իշխանությունները որոշեցին ընկերությունում իրականացնել աուդիտ: Իսկ մինչ այդ էլեկտրաէներգիայի գների թանկացումը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը:
Նշենք, որ ՀԷՑ ՓԲԸ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ 100%-անոց դուստր ընկերություն է, որն ստեղծվել է 2002 թվականին` էլկետրաէներգիայի բաշխման և սպառման չորս տարածաշրջանային պետակյան ընկերությունների ձուլման արդյունքում: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունն սպասարկում է շուրջ 985 հազար սպառողների: ՀԷՑ-ն ունի ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա: