Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ներկայացնող 64 պատգամավոր: Ընդդիմությունը՝ ի դեմս "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների, քվեարկությանը չի մասնակցել։
Օգոստոսի 30-ին Երևանն ու Բաքուն ստորագրել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը: Կանոնակարգն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: Այն, մասնավորապես, նախատեսում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում, համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի հատման արձանագրություն-նկարագրի կազմում, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, ինչպես նաև փորձագիտական խմբերի աշխատանք: Նշվում է նաև, որ դրույթը և դրա հիման վրա ընդունվելիք փաստաթղթերը կլրացնեն սահմանազատման աշխատանքների լիարժեք ընթացքն ապահովելու իրավական հիմքերը ։ Կանոնակարգը նախատեսում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո երկու երկրների միջև ընթացակարգային հարցերի կարգավորում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կանոնակարգը ճանաչել է ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ։