Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին կոչ է արել չօգտվել շինարարական թույլտվությունների տրամադրմանն առնչվող հարցերի լուծում առաջարկող բրոքերային ընկերությունների ծառայություններից: Այդ մասին նա հայտարարել Է հոկտեմբերի 21-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ՝ վերջիններիս գործունեությունը համարելով անօրինական։
Քաղաքապետի խոսքով՝ կոռուպցիայի նման "հետաքրքիր" տեսակը վերջերս սկսել է ակտիվորեն առաջ մղվել։ "Տրամաբանությունն այն է, որ նրանք ասում են, թե կարող են կազմակերպել ձեր աշխատանքը 90% հաջող արդյունքի հավանականությամբ ՝ խնդրելով նախապես վճարել ծառայությունների դիմաց՝ շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը կազմակերպելու համար: Եվ, եթե քաղաքապետարանը թույլտվություն է տալիս, իրենք դա իրենց վերագրում են, ասում են, որ հաջողվել է արդյունքի հասնել, իսկ՝ եթե ոչ, ասում են, դե այն 10 տոկոսն է աշխատել", - պատմել է Ավինյանը։
Նա քաղաքացիներին և կառուցապատողներին կոչ է արել միամիտ չլինել, քանի որ քաղաքապետարանում որոշման կայացման գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է, և, գործնականում, քաղաքաշինական ծրագրերին գնահատական են տալիս ճարտարապետները: Եվ արդեն այդ գնահատականի հիման վրա թույլտվություն է տրվում կամ մերժվում է։
"Ես խորհուրդ չեմ տա օգտվել բրոքերների ծառայություններից, դրանք, փաստորեն, ընկերություններ են, որոնք անօրինական ծառայություններ են մատուցում: Նրանց հույսը ձեր միամտությունն է: Եթե մենք դա իմանանք, դուք նույնպես խնդիր կունենաք գլխավոր հատակագծի նախագծման հանձնարարություն և շինարարության թույլտվություն ստանալու առնչությամբ: Որովհետև կոռուպցիան ոչ միայն կաշառք ստանալն է, այլև՝ տալը ։ Դա չի կարելի անվանել այլ կերպ՝ քան կոռուպցիա", - ասել է քաղաքապետը։