Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մտավախություն չունեն այն առնչությամբ, որ Ադրբեջանը չի վավերացնի ՀՀ-ի հետ սահմանի սահմանազատման մասին կանոնակարգը։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ ներկայացված փաստաթղթի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, համազեկուցողը՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
"Գործընթացը սինխրոն է ընթանում, ես, պարզապես, չգիտեմ, թե ինչ փուլում է գործընթացն Ադրբեջանում։ Փաստաթղթի ստորագրման պահին տրամաբանությունն ինքնին ենթադրում է, որ այն կլինի համաժամանակյա, սակայն ես մտավախություն չունեմ, որ այն չի վավերացվի Ադրբեջանի կողմից", - ասել է Գրիգորյանը։
Հայաստանի ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հաղորդել էր, որ Երևանն ու Բաքուն ստորագրել են պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը: Կանոնակարգն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: Այն, մասնավորապես, նախատեսում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում, համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի հատման արձանագրություն-նկարագրի կազմում, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, ինչպես նաև փորձագիտական խմբերի աշխատանք: Նշվում է նաև, որ դրույթը և դրա հիման վրա ընդունվելիք փաստաթղթերը կլրացնեն սահմանազատման աշխատանքների լիարժեք ընթացքն ապահովելու իրավական հիմքերը։
Կանոնակարգը նախատեսում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո երկու երկրների միջև ընթացակարգային հարցերի կարգավորում: Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը կանոնակարգը ճանաչել է ՀՀ սահմանադրությանը համապատասխանող։