Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կկարողանան լուծել դրանք:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ է ունեցել Ստամբուլում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ կայացած Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հհարթակի (3+3) երրորդ նիստի բացմանը։
Ֆիդանը ողջունել է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի պատվիրակություններին և նշել, որ այս միջոցառումը խորհրդատվական հարթակ է Հարավային Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու և համագործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով:
Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ "3+3" ձևաչափով այդ մեխանիզմի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի ստորագրումից մի քանի շաբաթ անց, որն ապահովել էր հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ "Պլատֆորմի նպատակն է ստեղծել հարթակ, որը կարող է արձագանքել Հարավային Կովկասի հետ սերտորեն կապված բոլոր հարցերին", - նշել է Ֆիդանը, հաղորդում է «Անադոլու»-ն: