
Արմինֆո."3+3" խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից երկրում ստեղծվել է կոնտակտային կետ, և կոնկրետ մարդիկ, ովքեր պատասխանատու են տարբեր հարցերի շուրջ նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների առաջմղման համար:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին "3+3" խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երրորդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հարավային Կովկասում անվտանգության սպառնալիքների մասին խոսելու խնդրանքին ի պատաասխան՝ Լավրովը նշել է, որ դրանք կարելի է երկար թվարկել։ "Ամենագլխավոր սպառնալիքն այն է, որ արտատարածաշրջանային խաղացողները փորձում են այստեղ թելադրել իրենց պայմանները, ներդնել իրենց սխեմաները։ Ես կարծում եմ, որ այդ սխեմաները ոչ թե ուղղված են տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը ՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների, այլ ուղղված են այն բանին, որ այստեղ առաջ տանեն նատօակենտրոն ձեւաչափերը, այստեղ զարգացնեն դաշինքային գործընթացները, սեպեր խրեն հարեւան երկրների միջեւ եւ կրկին իրենց հնարավորություններն օգտագործեն որպես ճնշման լծակ",-ասել է ռուսաստանցի նախարարը:
Իր խոսքերը տեսանելի դարձնելու համար նա առաջարկել է դիտարկել Վրաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և այդ երկրի նկատմամբ ԵՄ գործողությունները՝ Վրաստանի օրենսդիր մարմնի կողմից մի շարք օրենքների ընդունումից հետո:
"Բացի այդ, անշուշտ, խնդիրներ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Այսօր մենք այդ մասին եւս շատ ենք խոսել։ Եվ մենք, և թուրքերը, և իրանցիները, առաջարկել ենք Բաքվի և Երևանի մեր գործընկերներին օգտագործել "3+3" հարթակը՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար", - ասել է Ռուսաստանի նախարարը։
Նրա խոսքով ՝ այդ առումով ինքը նաև հիշեցրել է այն մշակումների մասին, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով ՝ տարբեր թեմաներով ։
"Հայ-թուրքական կարգավորման հետ կապված հարցեր կան։ Ռուսաստանը նպաստել է, որպեսզի այդ գործընթացը սկսվի։ Մեզ միացան մեր իրանցի հարևանները։ Հիմա առայժմ հանդիպումներ չեն նախատեսվում։ Հայ գործընկերները դադար են վերցրել, նրանք պետք է երկկողմ հանդիպումներ ունենան թուրք գործընկերների հետ ։ Ինձ թվում է, որ դա, ամեն դեպքում, կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, ուստի մենք առաջարկել ենք համալիր կերպով քննարկել այդ հարցերը և խթանել կողմերին բանակցությունների համար ։ Իսկ մենք, մեր հերթին, Ռուսաստանն ու Իրանը պատրաստ ենք աջակցել, եթե անմիջական մասնակիցների մոտ հետաքրքրություն լինի", - հավելել է ՌԴ նախարարը։
Որպես Հարավային Կովկասում ևս մեկ սպառնալիք՝ Լավրովը նշել է Վրաստանի միջոցով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու Արևմուտքի փորձերը։
Ճշտմանը, թե այսօր գոյություն ունեցող հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներից որն է ամենակենսունակը, ՌԴ նախարարը նշել է. "Այն, որտեղ կարելի է պայմանավորվել ։ Եթե նրանք կարողանան ուղիղ համաձայնության գալ, մենք միայն ուրախ կլինենք: Ինչպես արդեն ասացի, այսօր մենք առաջարկել ենք "3+3" հարթակը, եթե պատրաստ լինեն, և դա բնական կլիներ։ Բայց որոծելու են Բաքուն և Երևանը", - ամփոփել է Լավրովը։