
Արմինֆո.Մի շարք արևմտամետ լրագրողական ՀԿ-ներ կոչ են արել կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ Armlur.am կայքի լրագրող Քնար Մանուկյանին վիրավորելու համար:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ ՀԿ-ները հիշեցրել են, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանդիպելով խորհրդարանում հավատարմագրված՝ «Ժողովուրդ» թերթի և Armlur.am կայքի թղթակից Քնար Մանուկյանին և դժգոհություն հայտնելով իր հետ վերջինիս հրապարակած հարցազրույցի առնչությամբ, վիրավորել է նրան։
«Ըստ լրագրողի՝ պատգամավորը նրան անվանել է «սրիկա», «զզվելի» և ատելության խոսք արտահայտել՝ «պարսիկ, պարսկուհուց էլ վատն ես» (դժվար է պատկերացնել, թե նա ինչ է նկատի ունեցել այս տարօրինակ արտահայտությամբ)։
Նույն օրը Հովիկ Աղազարյանը հերքել է, որ գործածել է «պարսիկ» բառը, սակայն միջադեպին ականատես են եղել այլ ԶԼՄ-ների թղթակիցներ, և մասնավորապես News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանը հաստատել է, որ պատգամավորը օգտագործել է այդ խոսքը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում ենք իշխող խմբակցության պատգամավորի այս անվայելուչ պահվածքը։ Արձանագրում ենք, որ սա ընդամենը մեկ դրվագ է ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև բազմաթիվ կոնֆլիկտների, անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքների դեպքերից։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովում, որի ստեղծումն ու գործունեությունն անհասկանալի պատճառներով իրականություն չի դառնում։
Ինչ վերաբերում է նշյալ միջադեպին, ապա պահանջում ենք․
- պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ,
- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ գնահատական տալ Հովիկ Աղազարյանի պահվածքին և տեղեկացնել հանրությանն այդ մասին,
- ԱԺ ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու, իսկ ծագող կոնֆլիկտներն էթիկայի հանձնաժողովում քննելու և հետևություններ անելու ուղղությամբ», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան» ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապաագայի ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ,
Գորիսի մամուլի ակումբը: