Արմինֆո.Վերջին տասնամյակների ընթացքում սելեկտիվ աբորտների հետևանքով Հայաստանում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
<80 հազար աղջիկ կարող էր ծնվել եւ վերարտադրողական տարիքում էական ազդեցություն ունենալ մարդկային կապիտալի վրա>, - ընդգծել է նա: Նախարարն այդ առնչությամբ նշել է, որ սելեկտիվ աբորտները Հայաստանի բնակչության կառուցվածքի դեգրադացիայի պատճառներից մեկն են:
Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով կատարված ուսումնասիրություններին, որոնց ավելի վաղ ծանոթացել է, հավելել է, որ առաջիկա տարիներին սելեկտիվ աբորտները էական բացասական ազդեցություն կունենան կամ արդեն ունեն երկրի վերարտադրողական ներուժի վրա:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ծնվել է 21 876 երեխա, ինչը 7.3% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, ընդ որում, մահացել է 17 213 մարդ, ինչը 4.9% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 4 663 մարդ, ինչը 35,1% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության մակարդակից: