Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում։
Նշենք, որ հանրապետության մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքի նախկին քաղաքապետը գտնվում է երկրի սահմաններից դուրս:
Ըստ գործի նյութերի, որին հղում է անում հեռուստաալիքը, Բալասանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 19-րդ դարի Սև բերդ ամրոցին հարող տարածքների օտարման համար՝ քաղաքագլուխ եղած ժամանակ։ Այդ գործով որպես մեղադրյալ անցնում է նաև Բալասանյանի որդին ՝ Խաչատուր Բալասանյանը, ում ձերբակալության մասին հաղորդվել Էր հոկտեմբերի 11-ին:
Բանն այն է, որ ինչպես ընդգծվում է ռեպորտաժում, կառավարության որոշմամբ դեռ 2006 թվականին Այդ տարածքները ճանաչվել էին հատուկ պահպանվող տարածք և ենթակա չէին օտարման: Դրանք գտնվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում ։ Ըստ քննչական մարմինների տվյալների՝ 2014 թվականին նշված տարածքները վաճառվել են Սուրեն Ջանոյանին, ով նախկին քաղաքապետի ընկերություններից մեկի տնօրենն էր, իսկ այժմ Գյումրու փոխքաղաքապետն է: Մինչ այդ Գյումրու այն ժամանակվա փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը շինծու տեղեկանք էր կազմել, որի արդյունքում փոխվել էր տեղամասերի նպատակային նշանակությունը: 2015 թվականին Ջանոյանը տարածքը վաճառել է Բալասանյանի որդուն։ Նշվում է, որ Ջանոյանը 1 հա հողատարածքը ձեռք է բերել 13 մլն դրամով, որից հետո այն վաճառել է Խաչատուր Բալասանյանին ՝ 4,9 մլն դրամով: Բերդի տարածքում գտնվող ևս մեկ հողամաս 2019 թվականին մոտ 15 մլն դրամով վաճառվել է Սիրական Մկոյանին, որը, ըստ քննության վարկածի, փոխկապակցված է եղել Բալասանյանի հետ: Ավելի ուշ Մկոյանը տարածքը վաճառել է Խաչատուր Բալասանյանին ։
Նախկին քաղաքապետն ու նրա որդին մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: Ընդհանուր առմամբ, գործի շրջանակներում որպես մեղադրյալ է անցնում 5 անձ, այդ թվում ՝ Գյումրիի գործող և նախկին փոխքաղաքապետերը:
Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2021թթ.