


Արմինֆո.Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք "3+3" տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը: Այդ մասին հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում։
"Վրաստանի դիրքորոշումը չի փոխվել, նա այս անգամ էլ չի մասնակցի նիստին", - "Ազատություն" ռադիոկայանի վրացական ծառայությանը հաղորդել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հորդանանի իր պաշտոնակից Այման աս-Սաֆադիի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների մասնակցությունը Հարավային Կովկասի հարցով "3+3" հարթակի նիստին, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:
Հայաստանի ԱԳՆ-ում արդեն հաստատել են Արարատ Միրզոյանի մասնակցությունը հանդիպմանը:
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել է "3+3"տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը ։ Այն անցել է 5 երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով ։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են այս հարթակի շրջանակներում հաջորդ հանդիպումն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայում, սակայն, հավանաբար, ինչ-ինչ պատճառներով ժամանակացույցը տեղաշարժվել է ։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ ։ ՌԴ ԱԳՆ-ում այն ժամանակ նշել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են:



