Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովում խնդիրներ լուծելու տղայական եղանակներն անթույլատրելի են։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՝ մեկնաբանելով երեկ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը։
Ինչպես նշել է Քոչարյանը, ցանկացած պաշտոնատար աանձ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ուժային գերատեսչությունների ղեկավարներին, պետք է առավելագույն զսպվածություն դրսեւորի եւ խուսափի անձնական վիրավորանքներից: Պատգամավորն ընդգծել է, որ երկրի խորհրդարանը պետության բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, այստեղ կարելի է ամեն ինչի մասին խոսել, բայց կարևոր է խուսափել անձնական վիրավորանքներից:
Պատգամավորը հաղորդել է, որ Ազգային ժողովում ՔԿ նախագահի վարքագիծը խմբակցությունում դեռ չի քննարկվել, բայց հարցը կբարձրացվի: Քոչարյանը հիշեցրել է, որ Քյարամյանը Աղազարյանի զավակի տարիքին է և չպետք է ճնշումների ենթարկվի, նույնիսկ՝ եթե խոսքը Աղազարյանի որդու հետ կապված գործերի մասին է:
Սակայն, ինչպես պնդում է Քոչարյանը, կոնֆլիկտի պատճառ կարող էր լինել նաև Քյարամյանի անփորձությունը ։ Խորհրդարանականը չի բացառել կողմերի հաշտեցման հնարավորությունը։ "Քյարամյանի հրաժարականին գործն, ամենայն հավանականությամբ, չի հասնի", - ենթադրություն է հայտնել Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին երկրում տիրող քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Քյարամյանն ու Աղազարյանը լեզվակռվի էին բռնվել։ Մասնավորապես, Աղազարյանը Քյարամյանին մեղադրել էր գործարարների վրա ճնշում գործադրելու մեջ ։ Պատգամավորի ակնարկներից կարելի էր ենթադրել, որ ուժայինների թիրախներից մեկը եղել է նրա որդին, ով զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և հետագա իրացմամբ: Աղազարյանի խոսքով ՝ Քննչական կոմիտեն իր լիազորություններն օգտագործում է սկսնակ գործարարներին "ոչնչացնելու" համար: Քաղաքական գործիչը նաև կշտամբել էր Քյարամյանին դահլիճից ռեպլիկին արձագանքելիս չափից դուրս կոպտության համար։ Ի պատասխան՝ Քյարամյանը հայտարարել էր, որ այս աշխարհում չկա մեկը, ով կհամարձակվի ռեպլիկ նետել իր դիտողությունների վրա: Նա հայտնել էր, որ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ խնդրել են, և այստեղ կոռուպցիայի տարր կա: Այնուհետև խոսակցությունը վերածվել էր իսկական պարզաբանման՝ բակային ժարգոնի տարրերով։ Գործընկերների միջամտությունը թույլ էր տվեց կասեցնել միջադեպը։