Արմինֆո.Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի առաջին լսումը:
Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը պահանջել են չեղյալ համարել Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) հունիսի 13-ին կայացրած որոշումը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի: Պաշտպանական կողմը Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալում է նոր դատական ակտ, որով Վազգեն Մանուկյանը կարդարացվի:
Էրիկ Ալեքսանյանը դատարանում հիմնավորելով հայցը՝ նշել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքական է, ինչը պահանջում է հստակ տարանջատում նման իրավիճակներում, ինչը նախատեսված է նաև միջազգային նորմերով և կոնվենցիաներով: "Դատարանը պատշաճ գնահատական չի տվել Մանուկյանի խոսքերին ու հայտարարություններին, հաշվի չի առել Մանուկյանի ՝ որպես քաղաքական գործչի անձը, նրա դերը Հայաստանի պատմության մեջ", - ընդգծել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 19-ին ՝ ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը):