Արմինֆո.ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում բռնի տեղահանված արցախցիները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ 40 000 + 10 000 դրամի չափով՝ կեցության ծախսերը և այլ կարիքները հոգալու համար:
Ինչպես հաղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Արցախի քաղաքացիները կմնան ծրագրի շահառու, եթե համապատասխանեն ծրագրի հիմնական պայմաններին:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 4300 բռնի տեղահանվածներ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, որոնցից ավելի քան 2900-ն արդեն ստացել են այն: Բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին մասնակցելու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիության առկայությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, որին նախորդել էր ինն ամիս համատարած շրջափակումը, Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է շուրջ 109 հազար քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից սկսած, անօթևան է մնացել 150 հազար արցախցի։