Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատարանում պարտվել է հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԱՍԱԳԻՐՔ), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԱՍԱԳԻՐՔ):
Նախարարը տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ Սկանդալային դասագիրքը:
Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:
Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:
Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում, մեկ այլ դատավորի մոտ է քննվում Սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը», - ընդգծել է փաստաբանը: