Արմինֆո. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կրկին կալանավորել է Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան համար մեղադրվող Գոռ Աղեկյանին և Մառլեն Սարգսյանին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է զոհված զինվորների ծնողների շահերը ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը…», - գրել է Նորիկյանը:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր զորանոց ծառայող շինությունում հրդեհը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարի 19-ին: Արդյունքում՝ զոհվել էր 15 զինծառայող, ևս երեքն այրվածքներով տեղափոխվել էին այրվածքաբանական կենտրոն: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով, արտակարգ պատահարի պատճառ էր դարձել վառարանում կրակ վառելու համար ավտոբենզինի օգտագործումը: Ողբերգությունից հետո զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամիավորման յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, կորպուսի թիկունքի շտաբի պետը, մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալը, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման հակահրդեհային անվտանգության պետը: