Արմինֆո.2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այդպես է արձագանքել Ադրբեջանի իր պաշտոնակցի այն հայտարարությանը, թե Երևանն անփույթ է վերաբերվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններին ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ոչ Լեռնային Ղարաբաղի տարածք, ոչ հարակից շրջաններ:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:
Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:
Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:
ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում:
Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 12-ին հենց այդ խաչմերուկին նվիրված համաժողովում իր ելույթում խոստովանել է, որ 9-րդ կետը նախատեսում է այնտեղ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի առկայություն։ Սակայն, ինչպես հաղորդել է ինքը՝ Փաշինյանը, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրից հետևում է, որ 9-րդ կետով նախատեսված ձևակերպումը ենթադրում է մոնիտորինգ ճանապարհի վրա և չի ոտնահարում ՀՀ իրավազորությունը։