Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատմել է, թե ինչն է խոչընդոտում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Հոկտեմբերի 12-ին Երևանում "Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը" համաժողովում պատասխանելով համապատասխան հարցին՝ Ռուբինյանը, մասնավորապես, ասել է. "Հայ-թուրքական կարգավորման գործում կա մի մեծ խոչընդոտ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քաղաքական որոշման բացակայությունը Թուրքիայում։ Եթե, օրինակ, որոշումը կայացվի վաղը, ապա սահմաններն էլ կբացվեն վաղը"։
Ռուբինյանը նաեւ կարեւոր է համարում այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է առանց միջնորդության, երկու պետությունների միջեւ:
"Բայց կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են։ Դրանք խորը թեմաներ են: Թուրքիայում թյուր կարծիք կա, թե հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը խոչընդոտ է եղել կամ մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Դա այդպես չէ: Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ", - ասել է նա:
Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 30 - ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երկու տարվա ընդմիջումից հետո թուրք-հայկական սահմանին անցկացրեցին բանակցությունների 5-րդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Հավելենք, որ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ։
Պայմանավորվել էին նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո՝ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Հավելենք, որ ս.թ. մարտի 1-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում "Խաղաղությունը, զարգացումը և կապերը Հարավային Կովկասում" պանելային քննարկմանն իր ելույթի ժամանակ Ռուբինյանին առաջարկել էր հանդիպումներ անցկացնել կամ Անկարայում, կամ Երևանում: