Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կենտրոնակայանի վրա հարձակումը:
"Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին մասնակցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը։ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) միկրոբլոգում գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադը 2014 թվականից UNIFIL-ի կազմում ծառայություն է իրականացնում Լիբանանում: Այսօրվա դրությամբ Լիբանանում առաքելության կազմում ծառայություն են իրականացնում շուրջ 30 հայ խաղաղապահներ:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանին եւ երկրի հարավում ՄԱԿ-ի այդ առաքելության եւս երկու օբյեկտներին հարվածելու համար, ինչի հետեւանքով երկու խաղաղապահներ (Ինդոնեզիայի քաղաքացիներ) վիրավորում են ստացել: Լրատվամիջոցները նաև գրում են, որ մի քանի օր առաջ UNIFIL-ը մերժել է իր խաղաղապահներին Լիբանանի հարավում գտնվող գոտուց տեղափոխելու Իսրայելի առաջարկը: Նշենք, որ իսրայելական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին։ Այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Իսրայելական կողմի այդ գործողությունների արդյունքում արդեն զոհվել են Լիբանանի ավելի քան հարյուր խաղաղ բնակիչներ, հազարավոր մարդիկ տուժել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ: