Արմինֆո. ԱԱԾ-ը գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ այն բանի հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, որ ուժայինները ներխուժել են դպրոց և աշակերտների ներկայությամբ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել ֆիզիկայի ուսուցչին:
Դպրոցականների ծնողները բողոքում են, որ չեն կարողանում հանգստացնել երեխաներին, ովքեր ականատես են եղել ուսուցչի ծեծին և, ընդհանուր առմամբ, ԱԱԾ աշխատակիցների կոշտ գործողություններին:
Ավելի ուշ "հատուկ գործողության" վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, ով տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ «Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չի հրապարակվում», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Իրավիճակը մեկնաբանել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով անթույլատրելի է համարել ուժայինների նման գործելակերպը ուսումնական հաստատության պատերի ներսում: «Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական ու հիմնազուրկ «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Կարճ ասած՝ ԿԱՇՄԱՌ:
Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու։
ՀԳ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա», - հավելել է Մելիքյանը ։