Արմինֆո.ԱրարատԲանկը երկրորդ տարին անընդմեջ աջակցում է նորարարական գաղափարների մրցույթին՝ երկու տարում ընդհանուր առմամբ հատկացնելով ավելի քան 6 մլն դրամ մրցանակային ֆոնդ:
Այս տարի բանկը տրամադրել է 6000 եվրոյին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել է 4 հաղթող թիմերի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրոյին համարժեք դրամ: Մրցույթին մասնակցել է 10 թիմ, որոնցից 4-ը ճանաչվել են հաղթող:
«Social Impact Award» (SIA) ծրագիրը, որը 2009 թվականից ի վեր գործում է 25 երկրում, նպատակ ունի խրախուսել երիտասարդ սոցիալական ձեռներեցներին: Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից արդեն 6-րդ տարին:
«Իմփաքթ Հաբ Երևան»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը նշել է. «Ամենանորարարական գաղափարները գալիս են ավելի երիտասարդներից՝ 16-17 տարեկաններից: Չեն վախենում նոր մտքեր ներդնել ստանդարտ թվացող ձեռնարկատիրական գաղափարների մեջ: Արդեն 2-րդ տարին է համագործակցում ենք ԱրարատԲանկի հետ այս ծրագրի շրջանակներում, և մրցանակների տրամադրումը SIA-ի հաղթող թիմերին հնարավոր է դառնում ԱրարատԲանկի շնորհիվ։ Ի լրումն այս ամենի, նրանք գալիս են իրենց գիտելիքով, համագործակցային ցանցով, ինչը փորձում ենք հասանելի դարձնել ծրագրի մասնակիցների համար»:
«Սոցիալական ծրագրերը մրցակցությունից դուրս են: Նպատակն է ծրագրի հնչեղությունն այնպիսին դարձնել, որ այն հետաքրքրի այլ բիզնեսներին և դոնորներին։ Շատ ուրախ ենք, որ այս տարի ծրագրին միացել է մեր շատ լավ գործընկեր ԱյԴի Բանկը։ Որքան շատ լինեն դոնորները, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի հենց Հայաստանի Հանրապետության համար՝ զարգանալու, աճելու և ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու մեր երիտասարդների համար», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
ԱրարատԲանկի Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանն ընդգծեց. «Անկախ նրանից՝ ծրագրերը կյանքի կկոչվեն թե ոչ, շատ կարևոր է, որ հարթակը ինքնադրսևորվելու ու մտքեր գեներացնելու հնարավորություն է ընձեռում երիտասարդներին, և ուրախալի կլինի, եթե հետագայում ականատես լինենք նրանց բիզնեսի դրական ազդեցությանը»:
Մրցանակային ֆոնդը բաշխոել է 4 հաղթող թիմերի միջև․
1. «ReTyre Designs». վերամշակում և վերստին օգտագործում է ավտոմեքենաների անպիտան մասերը՝ արտադրելով կահույք և դեկորացիաներ:
2. «ElectRoads». ստեղծում է նոր և մաքուր էներգիայի աղբյուր՝ օգտագործելով բեզիոէլեկտրիկ բյուրեղներ, որոնք մեխանիկական ճնշման տակ արտադրում են էներգիա:
3. «Astronomy for Everyone». ստեղծում է աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որտեղ երեխաները կուսումնասիրեն աստղագիտությունը և կմասնակցեն միջազգային աստղագիտական մրցույթներին:
4. «Hydroponic greenhouse». նպատակ ունի օգնել 44-օրյա պատերազմից հետո տուժած ֆերմերներին՝ առաջարկելով էժան և սննդարար անասնակերի արտադրություն:
Այս նախաձեռնությունները նպատակ ունեն լուծել Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչև գյուղատնտեսության զարգացում: