


Արմինֆո.Վրաստանի պատվիրակությունը բողոք է հայտնել Ադրբեջանի վերաբերյալ ընթացիկ քննարկումները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օրակարգում ներառելու դեմ՝ ադրբեջանական պատվիրակության բացակայության պայմաններում: Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեին։
Նշվում է, որ Միկանաձեն հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Ադրբեջանի նորընտիր խորհրդարանին պատշաճ տեղեկատվություն տրամադրվի:
"Մենք, նույնիսկ, պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ այդ գործընթացում։ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամի մասնակցությունը բանավեճերին կարեւոր է", - հայտարարել է Միկանաձեն։
Վրացի պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացին, նշելով, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն ներգրավված կողմերի, այլև ողջ Հարավային Կովկասի համար:
"Խաղաղության մթնոլորտի ձեւավորումը եւ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը արդյունավետ երաշխիքներ կստեղծեն բոլոր երկրների եւ տարածաշրջանի համար՝ ընդհանուր առմամբ։ Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ցանկացած գործընթացում, որը կարող է հանգեցնել խաղաղ համաձայնության", - ասել է նա ՝ ևս մեկ անգամ ընդգծելով խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացում Թբիլիսիի հնարավոր աջակցության պատրաստակամության մասին։
"Անհամբերությամբ սպասում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը", - ամփոփել է Միկանաձեն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին դադարեցվել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը։ Դա պայմանավորված էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների խախտմամբ, այդ թվում՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ։



