Արմինֆո. Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի, որը ծավալվելու է Հայաստանի տարածքում։ Հրթիռային հարվածների թիրախ են դառնալու հայկական քաղաքներն ու գյուղերը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:
«Եթե ուժ չենք գտնում փոխելու այս իշխանությունը, չենք ուզում փոխել կամ ավելին՝ խոնարհվում ու սպասարկում ենք նրան, ապա պետք է գոնե խնդրել՝ ուժեղացնել քաղպաշտպանության համակարգը՝ ռմբապաստարաններ, իրազեկման համակարգեր և այլն։ Որովհետև այս ընթացքը այլ ելք չի ենթադրում։
Չորս կողմից մեզ զգուշացնում են՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, որ վտանգավոր բան եք անում։ Իսկ մենք ոչ մի ռացիոնալ բան չենք անում, ոչ մի նպատակ չենք դնում, ոչ մի բանակցային իդեա չունենք։ Տհաս անչափահասի նման բոլոր առաջարկները մերժում ենք ու բոլորի համար ստեղծում լուրջ պրոբլեմներ։ Պարզ չէ՞, վերջը ոնց է լինելու։ Երևանը չի ձևակերպում իր գրագետ հաշվարկված շահը, բայց բոլորի շահերի հետ հակադրվում է։ Իսկ պարտված հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ո´չ ներկա, ո´չ նախկին, ոչ էլ՝ ապագա։ Ուզում է միայն կենցաղ ու անվտանգություն, որն էլ հենց չի լինելու։
Հետևություն. Լայն հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը, և պայքարի հստակ նարատիվը. ընդվզիր, որ լինի խաղաղություն։ Այս ընթացքը տանում է աղետի։
Հարթակը պետք է դառնա առավելագույնս ռացիոնալ և հստակ ձևակերպի իր նպատակը. Դեէսկալացիա երկրի ներսում, Դեէսկալացիա՝ երկրի սահմաններին։
Դեէսկալացիա երկրի ներսում՝ նշանակում է ներքին հաշտության ու բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, դեէսկալացիա երկրի սահմաններին՝ նշանակում է ակտիվ գրագետ արտաքին քաղաքականությամբ ու դաշնակիցներով լուծումներ, որոնք բացառում են պատերազմը։
Այս երկու կետերը ենթադրում են բազմաթիվ ենթակետեր ու տեխնիկական աշխատանք։ Հենց նման հարթակն է դառնալու հետպատերազմյան նոր լիդերություն, որը համախմբելու է բոլոր առողջ ուժերին, բոլոր ունակներին»,-գրել է Հովհաննիսյանը։