Արմինֆո. Մինչև ընթացիկ ամսվա վերջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մտադիր է ամբողջությամբ անցնել ուղեվարձի միասնական համակարգին։ Այդ մասին սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նրա ասելով՝ սեպտեմբերի 15-ից Երևանի մետրոյի բոլոր կայարաններում մնացել է մեկական անցում ՝ ժետոնների օգտագործմամբ, բայց մինչև ամսվա վերջ այդ հարցը ևս կլուծվի:
Սեդրակյանը նաև տեղեկացրել է, որ արդեն Երևան են բերվել 32 նոր անվահեծեր, որոնցով առաջիկայում կփոխարինվեն հները: Նա նշել է, որ ստացվել է երեք նոր շարժասանդուղք, որոնք տեղափոխվել են "Գործարանային" կայարան, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ փոխարինել հին շարժասանդուղքները:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգին անցնելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներին հանձնարարել է ս.թ. նոյեմբերի 1-ից սկսել դրա փուլային ներդրումը: Ավինյանի խոսքով՝ անգամ նոր համակարգին փուլային անցումը ենթադրում է իրավիճակի էական փոփոխություն։