Արմինֆո. Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության: ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխադարձ մեղադրանքների վերջին հրապարակային փոխանակումը:
«Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:
Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության», - գրել է ընդդիրադիրը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու համար: Սկզբում թշնամական կողմը պահանջում էր Արցախն ու պաշտպանության բանակի վերացում, ստանալով այդ ամենը, այժմ պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ինչ-որ անկլավներ, ընդ որում ՝ չցանկանալով փոխաարենը ոչինչ անել։ Իսկ ուզածին հասնելու համար Ադրբեջանի իշխանությունները մշտապես սպառնում են նոր պատերազմով։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ միջազգային հանրությունը աչք է փակում Բաքվի նման գործողությունների վրա, որոնք հակասում են միջազգային համընդհանուր նորմերին, այդ թվում ՝ ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման անթույլատրելիության մասին: