Արմինֆո. Հայաստանում յուրաքանչյուր պաշտոնյայի սպասում է արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ Այդ մասին երեկ երեկոյան լրագրողներին հայտարարել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Նրա խոսքով՝ շարժումը մտադիր է դատախազություն հաղորդում ներկայացնել երկրի պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների մասին: Հաղորդումների փաթեթը ՀՀ գլխավոր դատախազություն կներկայացվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին: "Մենք դատի ենք տվել տարբեր պաշտոնյաների, և այդ գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մենք ցանկանում ենք մեկ բան՝ Հայրենիք և պատիվ", - ասել է արքեպիսկոպոսը: Նա ընդգծել է, որ իշխանության գալու դեպքում շարժումը հետամուտ է լինելու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձին, արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծմանը: "Ինձ համար ընտրությունը պարզ է. հայրենիք կամ մահ", - հայտարարել է արքեպիսկոպոսը:
Միաժամանակ, նա կոչ է արել դադարեցնել հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վրա, ով վերջերս հանդես է եկել շարժման քննադատությամբ՝ Գալստանյանին հորդորելով վերադառնալ եկեղեցու ծառայությանը: "Դադարեցրեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վիրավորել, ես դա ընկալում եմ որպես ինձ ուղղված խոսքեր։ Ցանկացած վիրավորանք որևէ մեկի հասցեին ընդունում եմ որպես անձնական, և դա դատապարտելի է ։ Մենք կարող ենք գաղափարական տարաձայնություններ ունենալ, բայց նպատակը մեկն է։ Ներկա-նախկինների այս կեղծ ծուղակը ստեղծվել է, որպեսզի մենք չկարողանանք դուրս գալ այդ ցանցից ։ Ես մեծ հարգանք եմ տածում Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ, նա իմ ուսուցիչն է։ Նա իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, ես չեմ ընդունում, բայց դա չի նշանակում, որ ես պետք է անցնեմ վիրավորանքների։ Այդ դեպքում, ինչո՞վ ենք մենք տարբերվում այս խուլիգանակույտից",- ասել է Գալստանյանը, հավելելով, որ Միքայել Աջապահյանի հայտարարությունից հետո վերջինիս հետ չի զրուցել, և վերջին մեկ ամսվա ընթացքում նրա հետ չի զրուցել: