Արմինֆո.Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
«Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
Համերգի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality:
Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: Տոմսերի ամրագրման համար զանգահարեք՝ 044 72 66 44», - ասվում է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ