Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականի մի խումբ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հայտարարելով, թե "Ֆրանսիան և նրա նման արևմտյան երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ադրբեջանական տարածքների օկուպացիան լինի մշտական":
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի առաջնորդը կոչ է արել Ֆրանսիայի ղեկավարին և մի շարք երկրների հանգիստ թողնել Հարավային Կովկասը և լուծել սեփական խնդիրները, այդ թվում '"լվանալ իրենց արյունոտ մեղքերը, վերականգնել հարյուր հազար մարդու անկախությունը, հրաժարվել գաղութային քաղաքականությունից, դադարեցնել ճնշումները ժողովուրդների նկատմամբ և միջամտությունն այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում": "Սա իմ նախազգուշացումն է, եւ ես կարծում եմ, որ նա, ով կլսի այն եւ կհետեւի դրան, չի սխալվի", - հայտարարել է նա:
Դիմելով կոնկրետ Հայաստանին՝ Ադրբեջանի նախագահը կոչ է արել նրան, "մասնակցելով վտանգավոր խաղերին, հիշել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին"։ "Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ ։ Թող նրանք չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ ողորմության համար, ինչպես, գուցե, օրը տասն անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էին Ռուսաստանին՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը։ Նրանք մոռացել են դա: Հիմա նրանք նոր տերեր են գտել։ Նրանք ծնկաչոք սողում են տերերի առաջ", - հայտարարել է Ալիևը։
Ըստ ԶԼՄ-ների՝ նա անդրադարձել է նաև "Ամերիկայի հակաադրբեջանական քայլերին"։ "60 հայամետ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով հերթական պատժամիջոցները սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Առավոտյան ես թերթեցի այս կոչը։ Զզվելի դիմում, որը չի կարող ազդել մեր կամքի վրա: Սակայն ինչի՞ մասին է դա խոսում։ Այն մասին, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։ Այդ դիմումը դիտելուց հետո ես ենթադրեցի, որ և հեղինակը, և դրա հասցեատերը նույնն են։ Որովհետև այն հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ այն գրված է նույն տեղում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում։ Այսինքն, իրենք իրենց նամակներ են գրում, որպեսզի սպառնան մեզ, մեղադրեն մեզ", - ասել Է Ադրբեջանի ղեկավարը։