Արմինֆո. Թեհրանը թույլ չի տա, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցք" ձևավորել և չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն իր սահմանին (խոսքը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների մասին է - խմբ.), ինչպես հրամայել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենենին: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Յադոլլահ Ջավանին։
Ինչպես հաղորդում է ilna-ն, Ջավանին նշել է, որ արևմտյան երկրներն ու Իսրայելը փորձում են նոր ճակատ բացել Իրանի սահմանին, սակայն Բաքվում զգուշանում են հակամարտել պատերազմի հետևանքների պատճառով՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից:
"Իրանն իր նահատակների արյամբ կարողացել է ձերբազատվել ամերիկյան ազդեցությունից եւ դառնալ անկախ պետություն, եւ իր շահերը պաշտպանում է բոլոր հասանելի միջոցներով, ներառյալ զորավարժությունները", - նշել է Ջավանին՝ ելույթ ունենալով ԻՀՊԿ զինվորականների առջեւ:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի հետ միասին փորձում են Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք ստանալ։ Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ ուժով միջանցք ստանալ։ Այս ամենը տեղի է ունենում միջազգային քաղաքակիրթ հանրության լուռ հավանության ֆոնին ։