Արմինֆո. 3000 ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հարցը չի ընդգրկվել խաղաղության պայմանագրի նախագծում։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Ընդ որում, հարցին, թե արդյոք միջազգային գործընկերների հետ քննարկվում է արցախցի փախստականներին տուն վերադարձնելու իրավունքը, փոխնախարարը հրաժարվել է պատասխանել, ասելով, որ երեկ վարչապետն այդ մասին բավական մանրամասն խոսել է խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:
Անդրադառնալով գերիների թեմային՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե արդյոք չկա այդ հարցի կարգավորման մրցակցային փաստաթուղթ, ինչին փոխնախարարը բացասական պատասխան է տվեցլ սակայն ընդգծել է, որ այդ թեման բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է։ "Հումանիտար տարբեր հարցերը, այդ թվում ՝ գերիների վերադարձը, միշտ ԱԳՆ ուշադրության կենտրոնում են, և մենք այդ հարցը մշտապես բարձրացնում ենք տարբեր հանդիպումների ժամանակ, և՝ ոչ միայն", - ասել է նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Կոստանյանը նշել է, թե հայկական կողմը գտնում է, որ համաձայնեցված կետերը բավարար են երկրների միջև առնվազն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հետագա հարցերի շուրջ քննարկումները շարունակելու համար: Ընդ որում, նա ընդգծել է, որ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագիր չկա, էսկալացիայի ռիսկը պահպանվում է: Լրագրողների այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագիրը երաշխիքներ կտա, որ պատերազմ չլինի, փոխնախարարը պատասխանել է հետեւյալ կերպ. "Պայմանագիրը լրացուցիչ կմեծացնի Հարավային Կովկասում կայունության հնարավորությունը":
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ապարդյուն փորձում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզել, թե արդյոք խաղաղության պայմանագրում "ռևանշիզմը" բացառելու, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներին ՀՀ վերադարձնելու կետեր կան: Հարցը տրվել էր մի քանի անգամ ՝ տարբեր ձևակերպումներով և ուղիղ տեքստով ։ Սակայն դրան միանշանակ պատասխան այդպես էլ չէր հնչել։ Փաշինյանը, փոխարենը, ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել էր ադրբեջանական նարատիվն առաջ մղելու մեջ։ Բացի այդ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը, նա հայտարարել էր, որ "այստեղ գաղտնիության հարց չկա, այստեղ կա դիվանագիտական կոռեկտության հարց":