Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ դեռեւս չհամաձայնեցված խաղաղության պայմանագրի կետերից մեկը կարող է լինել ապագայում հայկական "ռեվանշիզմի" բացառումը:
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ապարդյուն փորձում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզել, թե արդյոք կարող է լինել այնպիսի բան, որ խաղաղության պայմանագրում կետեր լինեն "ռևանշիզմը" բացառելու, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներին ՀՀ վերադարձնելու վերաբերյալ։ Հարցը տրվեց մի քանի անգամ՝ տարբեր ձևակերպումներով և ուղիղ տեքստով։ Սակայն դրան միանշանակ պատասխան այդպես էլ չհնչեց։ Փոխարենը՝ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին մեղադրեց ադրբեջանական պատումն առաջ մղելու համար։ Բացի այդ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը, նա հայտարարեց, որ "այստեղ գաղտնիության հարց չկա, այստեղ կա դիվանագիտական կոռեկտության հարց":
Ինչպես հոկտեմբերի 3-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել Է Խաչատրյանը, նախօրեին Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել են, որ "Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետեւանքով անհետ կորած է համարվում 3979 մարդ": Այնտեղ նաև սպառնացել են Երևանին, որ դրա պատասխանատվությունը պետք է կրի։ Զուգահեռաբար Հայաստանին մեղադրել են "ռևանշիզմի" մեջ։
"Բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա. Հայաստանի իշխանությունները նախանձելի հնազանդությամբ հանդուրժում են բոլոր նվաստացումները։ Չէ որ բանակցային գործընթացում կողմերը կիսում են իրենց տեսակետը և բարի կամքի հիման վրա ձգտում են ինչ-որ որոշման հանգել։ Իսկ մենք ունենք Ադրբեջանի իշխանությունների պահանջը, իսկ այս իշխանությունները մեկ առ մեկ ընդունում են դրանք, իսկ հետո այստեղ փորձում են համոզել ժողովրդին, որ դրանք բխում են նրա լավագույն շահերից։
Օրինակ, հայկական «ռևանշիզմի» դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանը կարող է պահանջել վերանվանել Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Այդպես է լինում, երբ անընդհատ զիջում ես, իսկ թշնամին հարձակվում է։ Մեզանից ոչ ոք, նույնիսկ նրանք, չէր կարող պատկերացնել, որ Ադրբեջանը պահանջելու է պատժել Ղարաբաղյան պատերազմի հերոսներին", - ասել է նա։
Այս ֆոնին Խաչատրյանը չի բացառում, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կետերից մեկը կարող է լինել ապագայում ռևանշիզմի բացառումը։
"Նաև չեմ բացառում, որ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է ստանձնել, և հիմա Բաքուն գնում է այդ պարտավորությունների հետքերով", - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը: