Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ "Տավուշը հանուն հայրենիքի" հանրահավաքի առնչությամբ, և հիշեցրել է հակաիրավական գործողությունների համար պատասխանատվության մասին:
ՆԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։
Այսօրվա հանրահավաքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց՝ նախազգուշացնելով, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները:
Միաժամանակ, վերահաստատելով, որ ՀՀ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն հանգեցնելու է համապատասխան քրեաիրավական հետևանքների, հավաքի մասնակից քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել իրավահպատակ վարքագիծ և չտրվել սադրիչ գործողությունների», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:
Ավելի վաղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ազդարարելով հոկտեմբերի 2-ի հանրահավաքը, հայտարարել էր, որ այն քաղաքական պայքարի նոր փուլի սկիզբ է դառնալու: Նա համոզմունք էր հայտնել, որ իր կողմնակիցները կհասնեն վարչապետ Փաշինյանի հրաժարականին:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին ՝ սկսել սահմանազատումը Տավուշից: Մայիսի 9-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը տապալել է պետության կառավարումը բոլոր ուղղություններով և կոչ արեց նրան հրաժարական տալ: Մայիսի 26-ին Գալստանյանը հայտարարվեց ՀՀ վարչապետի թեկնածու։ Մայիսի 27-ից սկսվեցին խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնք, շարժման առաջնորդների մտահղացմամբ, պետք է ստիպեին իշխանություններին հաշվի նստել ժողովրդի կամքի հետ և հեռանալ: Հունիսի 12-ի երեկոյան խորհրդարանի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառեց ցուցարարներին ցրելու համար: Ընդհանուր առմամբ, տուժեց 101 մարդ, այդ թվում ՝ 18 ոստիկան։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով: