Արմինֆո. «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն շուրջ 18.5 մլն. դր. չափով վնասել է շրջակա միջավայրը: Այդ մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։
Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դր չափով։
Նշանակվել են վարչական տուգանքներ», - ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում։
Նշենք, որ «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) արդյունահանվող պղնձամոլիբդենային խտանյութի վերամշակում: Դեռևս 10 տարի առաջ մոլիբդենի խտանյութի մշակման նոր տեխնոլոգիաների ներդրման համար գործարանում ներդրվել է ավելի քան երկու միլիոն ԱՄՆ դոլար։