Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունների կողմից վարձված մարդասպանները Ֆրանսիայում հաշվեհարդար են տեսել քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկանդարլիի նկատմամբ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Արիֆ Յունուսովը:
"2017 թվականից Ադրբեջանի իշխանությունները ահաբեկչության արշավ են սկսել արտերկրում ապրող քաղաքական էմիգրանտների նկատմամբ։ Այդ ընթացքում իրականացվել է 18 հարձակում։ Վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում, երբ Ադրբեջանի իշխանությունների վարձած մարդասպանները առավոտյան ներխուժել են Վիդադի Իսկանդարլիի բնակարան և նրան դանակի 21 հարված հասցրել։ Նրա կյանքը փրկելու բժիշկների բոլոր փորձերը ձախողվել են, այսօր վաղ առավոտյան նա մահացել է", - գրել է Յունուսովը։
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում հաղորդնել է, որ Վիդադի Իսկենդերլիի վրա հարձակվել են երեք անհայտ անձինք, որոնք դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում անհայտ անձինք ներխուժել են Իսքենդերլիի սեփական տուն։
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Իսկենդերլին Ֆրանսիա է արտագաղթել 2015 թվականին և հանդես է եկել Ադրբեջանի քաղաքական ռեժիմի բացահայտ քննադատությամբ։
Նշվում է նաև, որ 2010 թվականին նա մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, ընդդիմության բողոքի ցույցերին: 2011 թվականի օգոստոսին նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն ներում է ստացել 2012թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին հրամանագրով: