Արմինֆո. Բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում, իբր, համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը:
«ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման հարցի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է մեր երկրների տնտեսությունների աճի տեմպերը, որոնք կարող էին ավելի բարձր լինել, քան հիմա։
Կցանկանայի նշել նաև Հայաստանի համար արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ քաղաքականության իրականացման արդիականությունը։
Բեռների առաքման ժամանակի կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև նոր այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների որոնման տեսանկյունից կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա։
Նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։ Ցանկանում եմ նշել, որ նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք», - ընդգծել է Փաշինյանը։