Արմինֆո. Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է: Այդ մասին հայտարարել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։
Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։ Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում», - գրել է սահմանադրագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը։
33 էջանոց որոշման տեքստի 26- 27-րդ էջերում, մասնավորապես, նշվում է. «ԽՍՀՄ կուռ և միաձույլ, դրա իրավազորության ներքո գտնվող ժողովուրդների անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական ազատությունների և իրավական պետության գաղափարներին արմատապես հակադրվող և դրանց նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական գաղափարաբանությամբ ամբողջությամբ ներծծված իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը, ապահովել է այն իրավական պատուհանը, որով, հաջորդաբար, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանը հասել է վերը նշված հանգրվաններին։ Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից 27 դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ) դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ Հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ։
3.6. Վերը նշված բոլոր նկատառումների հանրագումարային համակցության արդյունքում սույն որոշման 2-րդ կետում շարադրված հարցի ամբողջական լուծման նպատակով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:
3.7․ Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։