Արմինֆո.Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով զինված հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ Այդ մասին հաղորդում է "Nouvelles d 'Armenie"պարբերականը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Վալանսի ֆրանկո-թուրքական "Turquoise" և Բուրգ լե Վալանսի ֆրանկո-հայկական "Հոմենեթմեն" ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով, ինչին թուրք երկրպագուները բուռն են արձագանքել ՝ խաղադաշտում հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա:
Միջամտել է ոստիկանությունը, և խաղը դադարեցվել է: Վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխվել են հիվանդանոց: Այդ լուրջ միջադեպը վրդովմունք է հարուցել Ֆրանսիայի հայ համայնքում։
ՀՅԴ, "Քրիստափոր Միքայէլեան" եւ Դրօմ-Արդեշ C24 կոմիտե հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով խստորէն դատապարտել են այդ միջադեպը: "Ռասիստական բանավոր ելույթները, հակահայկական արտահայտությունները, ֆիզիկական հարձակումներն ու վնասվածքները, որոնք հասցվել են "Հոմենեթմեն" ակումբի խաղացողներին, դուրս են սպորտի շրջանակներից։ Դրանք արտացոլում են Թուրքիայի կողմից Ֆրանսիայում իր քաղաքացիների շրջանում հմտորեն աջակցվող և հրահրվող հակահայկական ատելությունը։ Այդ ատելությունն այսօր դրսևորվեց մեր դռների մոտ ՝ ֆուտբոլի մարզադաշտում։ Թուրքիան, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, շարունակում է ժխտել իր նախնիների գործած հանցագործությունները: Մենք չպետք է անտեսենք դա և թեթև վերաբերվենք միջադեպին։ Այս փաստերը համարում ենք չափազանց լուրջ և խնդրում ենք պատկան մարմիններին, հաշվի առնելով հարցի լրջությունը, ընդունել նման հանգամանքներում անհրաժեշտ պատժամիջոցներ: Հայկական ակումբի հարձակման ենթարկված ֆուտբոլիստներից և առաջատարներից բացի՝ թիրախն, առաջին հերթին, Ֆրանսիայի հայ համայնքն է։ Վճռականորեն կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան եւ արդյունավետ միջոցներ ՝ երաշխավորելու համար, որ նման լուրջ իրադարձություններ երբեք չկրկնվեն: