Արմինֆո.ՌԴ-ում BRICS-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին որոշումը մնում է նրանց վրա: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև որևէ հանդիպում նախատեսվում է նոր խաղաղ նախաձեռնությունների կամ ռուսական մասնակցությամբ բանակցությունների համար, հաշվի առնելով, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք BRICS և ԱՊՀ գագաթաժողովներին։
"Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից ("it' s up to them"): Եթե նրանք ցանկանում են հանդիպել, ինչպես այստեղ (ԱՄՆ-ում) հանդիպել են նախարարները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ամերիկացիները շատ են ուզում, որ այստեղ էլ իրենք գերիշխող լինեն՝ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռնտու է մեր ադրբեջանցի և հայ բարեկամներին, ապա դա համապատասխան ղեկավարների ընտրությունն է", - նշել է Ռուսաստանի նախարարը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվել են 2020 թվականի նոյեմբերից սկսած։ "Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ (1, 2, 3): Ստեղծվել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ ։ Կան սահմանագծման մեխանիզմներ և այլն: Մենք պատրաստ ենք կատարել այնտեղ ամրագրված մեր բոլոր պարտավորությունները", - ամփոփել է Լավրովը, ում խոսքերը հրապարակվել են ՌԴ ԱԳՆ կայքում: